Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյլա միջազգային փորձաքննության եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օրում:
«Ընդամենը օրերի մասին է խոսքը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի: Որոշումը գուցե որոշ մարդկանց համար անսպասելի կլինի, որոշների համար սպասելի»,- ասել է նախարարը:
Նա հայտնել է, որ փորձաքննություն իրականացնող Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը մայիսի վերջին նախնական հաշվետվությունը ներկայացրել է քննչական կոմիտե. նախարարությունը դեռ չի ստացել այն:
Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեին հատկացված $396.900 գումարը փոխանցվել էր ընկերությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար։





