ՀՀ ոստիկանությունը բացահայտել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի ապօրինությունները.նա, ընդհանուր առմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 41.7 մլն դրամ:
Պարզվել է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության, տեղեկացնում են ոստիկանությունից:
Ավելի վաղ, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։





