2019 թվականի սեպտեմբերին կայանալու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային նոր տնօրենի ընտրության քվեարկությունը, որին մասնակցելու են եվրոպական ԱՀԿ անդամ բոլոր 53 երկրները` յուրաքանչյուրը մեկ ձայնի իրավունքով:
ՀՀ առողջապահության նախագծում նշվում է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը տվյալ պաշտոնի համար ներկայացրել է իր թեկնածուին` Թաթուլ Հակոբյանին: Եվս 5 երկիր ներկայացրել է իր թեկնածուին:
«Տնօրենի պաշտոնի ստանձնումը կկարևորի Հայաստանի Հանրապետության դերակատարումը եվրոպական տարածաշրջանում` միաժամանակ նպաստելով վերջինիս եվրոպական առողջապահական ծրագրերում առավել լիարժեք ընդգրկմանը: Առավել մեծ թվով ձայներ հավաքելու համար (անհրաժեշտ է առնվազն 27 ձայն) թեկնածուն պետք է իր նախընտրական ծրագրերը համոզիչ կերպով ներկայացնի քվեարկությանը մասնակից հնարավորինս մեծ թվով երկրների, որոնցում առավել մեծ դերակատարում ունեն երկրների առողջապահության նախարարները», – ասված է հիմնավորման մեջ:
Նշվում է, որ Թաթուլ Հակոբյանը պատրաստել է իր նախընտրական ծրագիրը և պատրաստվում է քարոզարշավի նպատակով այցելել բոլոր այն երկրները, որոնցից հավանական է ձայն ստանալ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչի օգտին: Նշված նպատակով կազմվել է այցերի ծրագիր, ըստ որի գործուղման ծախսերի փոխհատուցման համար Թաթուլ Հակոբյանը դիմել է իր թեկնածությունը առաջադրած երկրին` հնարավոր ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Կառավարությունը որոշել է այս նպատակով13.2 մլն դրամ հատկացնել:





