Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով։
Պաշտպանության նախարարն ասել է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, նախարարությունում է ու կտրամադրվի հանձնաժողովին։«Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէ։ Դա կտրամադրվի հանձնաժողովին», – հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։
Սեյրան Օհանյանը այս ուսումնասիրության մասին խոսել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ապրիլյան պատերազմի հետ կապված ուսումնասիրություններ արդեն կատարվել էին և խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կարիք չկար։
«Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, նաև այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Տոնոյանը։
Պաշտպանության նախարարը խորհրդարանում, Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է ՊՆ 2018-ի բյուջեի կատարողականը։





