AM
27 Հունիս 2019 - 10:08 AMT

Քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծը հունիսի 27-ին կմտնի գործադիր

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունիսի 27-ին նախարարությունը կառավարությանը կներկայացնի քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծը:

Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականցվի:

«Ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար», – նշված է նախագծում:

Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: