«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» (Global Leadership Foundation) խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել Հայաստանի համար: Այդ մասին աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպմանը՝ կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը երկրի զարգացման գործընթացում՝
Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» պատվիրակությանն՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգի, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսի, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջիի:
GLF-ի ներկայացուցիչներն օգտակար ու կարևոր են համարել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով վերջերս Հայաստան կատարած այցը, որի ընթացքում տարբեր հանդիպումների, քննարկումների ու մտքերի փոխանակության միջոցով հնարավորություն են ունեցել տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց աջակցությունը բերել Հայաստանի առաջընթացին։
Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել բազմաթիվ ոլորտներում: Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել նաև Արմեն Սարգսյանը:
«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամը» անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարների, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, հայտնի գործիչների փորձառությունը։





