Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել գրադարանի և ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին որպես հավաքական կերպար իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջյունելով հյուրերին՝ նշել է, որ սա նշանակալից օր է, քանի որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100-ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչումով:
«Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց»,- ասել է ռեկտորը՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարներին, որոնց դրամահավաքի արդյունքում իրականություն է դարձել այս ազգանվեր գործը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ սփյուռքի գործոնը շատ կարևոր է հայրենիքի պաշտպանության գործում: «Այսօր հպարտություն են զգում՝ կանգնելով այստեղ բուժվող զինծառայողների կողքին»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի և ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերը ծառայում են ի նպաստ պետության:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պատվիրակությունների ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ, հյուրեր, այդ թվում՝ մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը: Որոշում է կայացվել հաջորդ լսարանն անվանակոչել Արմենակ Ուրֆանյանի անունով: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը նախատեսում է համալրել նորաբաց գրադարանը գրքերով: Ինչպես նշել է Արմեն Մուրադյանը, գրադարանի առաջին 50 գիրքը նվիրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:
Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ընթացքում՝ ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս:2016-ի սեպտեմբերին Ռոբերտ Աբաջյանի պատվին է անվանակոչվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցը:Երևանի թ.147 դպրոցը ևս անվանակոչվել է Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անվամբ:





