AM
8 Հուլիս 2019 - 07:09 AMT

Ցոլակյան. Մարդատար տրանսպորտը ճիշտ կլինի ոչ թե գազ օգտագործի, այլ՝ դիզել

Մարդատար տրանսպորտում ճիշտ կլիներ գազի փոխարեն դիզել օգտագործել՝ դիզելն այդպիսի բռնկում չէր առաջացնի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին։

Նա նշել է, որ Փրկարար ծառայությունը ժամանակին հասել է դեպքի վայր, ոչ մի րոպե ուշացում չի եղել, կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե անց տեղում են: «Բայց, ցավոք, չեն կարողացել… հրդեհը շատ արագ է արել իր գործը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ցոլակյանը նշել է, որ ինչ վերաբերում է վարկածներին, ապա դրանք ընդամենը վարկածներ են, պատճառները չեմ կարող ասել, ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում: Նա նշել է, թե այնպիսի վարկած կա, որ Toyota մակնիշի ավտոմեքենան դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող ՎԱԶ 2106 մակնիշի մեքենան այն կողմից է հարվածել, ինչի հետևանքով էլ գազի արտահոսք է եղել և բռնկում տեղի ունեցել։

Ցոլակյանի խոսքով՝ հետևություններ պետք է արվեն։ «Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, որը պետք էր օգտագործել հենց առաջին պահին։ Խնդիր կա նաև, թե ինչ վառելիք օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները. երևի ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ, այլ՝ դիզել։ Դիզելն այդպիսի բռնկում չէր առաջացնի», – ասել է նախարարը։

Նա չի բացառել, որ հանդես կգան նաև օրենսդրական նախաձեռնությամբ.«Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել այսպիսի դժբախտ դեպքերից»։

Հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամուրջին իրար բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։ՃՏՊ հետևանքով հրդեհ է բռնվել, զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավոր են ու տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Մի քանի մարդ այրվել է երթուղային տաքսիում, բռնկված հրդեհի հետևանքով։ Տուժածներից 3-ը երեխաներ են։

Դեպքի վայրում եղած ականատեսները պատմել են լրագրողներին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել հանել մարդկանց մեքենայից։