AM
12 Հուլիս 2019 - 06:37 AMT

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Բաքվի՝ ԼՂ քաղավիացիային սպառնացող զենքի վաճառքն արգելող բանաձևը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Դրանով արգելվում է Ադրբեջանին վաճառել ամերիկյան այնպիսի սպառազինություն, որը Բաքուն կարող է կիրառել Արցախի Հանրապետության քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ասել էր, որ նախաձեռնության նպատակն է զսպել Արցախի քաղաքացիական ավիացիան խոցել սպառնացող Ադրբեջանի իշխանություններին:

«Սա Ադրբեջանին համար նախազգուշացում կլինի, որ չի կարող սպառնալ քաղաքացիական օդանավեր ոչնչացնել: Չպետք է թույլ տալ, որ այս երկիրը սպառնա իր հարևաններին: Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ-ն», – ընդգծել է կոնգրեսականը: