AM
15 Հուլիս 2019 - 08:55 AMT

Ռևազյան. ՀՀ-ում, հնարավոր է, օդանավերի մասերի արտադրություն հիմնվի

Ներդրողների հետ քննարկվում է Հայաստանում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման գործարան բացելու հարցը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա հավելել է, որ եթե ստացվի, ապա խոսք կգնա 1000-ից ավելի աշխատատեղի մասին, հայտնում է Aysor.am-ը:

Ռևազյանը նշել է նաև, որ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է: «Եթե գաք մեր շենքը տեսնեք, կտխրեք, իրոք, շատ վատ վիճակում է», – ասել է նա:

Նա նկատել է, որ ներդրողների հետ տարվում են աշխատանքներ, որպեսզի նրանք, հաշվի առնելով տարածաշրջանի համար ՀՀ կարևոր դերը, ներդրում կատարեն ոլորտում ուսումը խթանելու համար:

«Համոզված չեմ, որ մեր ներդրողները հենց մեր ուսումնարանում ներդրումներ կանեն, կարող է ուզեն որպես մասնավոր սկսել: Դա բանակցություններից հետո պարզ կլինի, բայց մենք բանակցում ենք: Հետաքրքրություն կա օդաչուական դպրոց, նաև ինժեներների համար դպրոց բացելու տեսանկյունից», – ասել է Ռևազյանը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նաև ասել է, որՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է:Նա ընդգծել է, որRyanairև WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխություններն արվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել: