«Սասնա ծռերը» հուսով են, որ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ը «պաշտոնապես դառնալու է ազգային տոն»: Այդ մասին ասվում է կուսակցության քարտուղարության հայտարարությունում, որն ասուլիսի ժամանակ ներկայացրել է կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշել է, որ «հուլիսյան ապստամբությամբ» իրենք «աղետ են կանխել», հայտնում է Aysor.am-ը:
«Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն», – ասված է հայտարարության մեջ:
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը Երևանում գրավեց ոստիկանական գունդ, ինչի հետևանքով եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին ոստիկաններ: Զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:





