ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս…»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:





