AM
31 Հուլիս 2019 - 10:28 AMT

Սահմանին զոհված պայմանագրայինը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Արման Բուլղադարյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: