ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության հուլիսի 31-ի նիստի ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրել է կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի` հարազատների հետ տեսակցության արգելքը:
Այդ մասին խնդրանքով դիմել էր Սմբատ Բարսեղյանի հարազատներից մեկը, հայտնում է Shantnews-ը:
Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դեմ է զինված խմբավորման անդամների նկատմամբ համաներման կիրառմանը: ՊՊԾ գնդի գրավման ընթացքում զոհված երեք ոստիկանի հարազատները նույնպես առարկել են նրանց նկատմամբ համաներում կիրառելուն: «Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։





