Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքին:
Նա նշել է, որ Արցախում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ արցախցիներ, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական տերերը մի խումբ բախտախնդիրների պատճառով ոչ միայն երկրում սահմանադրական կարգի տապալման, այլև պետության և պետականության գոյության կորստի իրական վտանգ են տեսնում:
Թող անհամեստություն չլինի, բայց 2012-ին ժողովրդի վստահության քվեի շուրջ մեկ երրորդը ստացած նախագահի թեկնածուս արդյո՞ք չէր կարող հանրային դժգոհությունների ալիքն ուղղորդել հանրահավաքների և ցույցերի կազմակերպմանը, թե՞ առիթ գտնելն էր դժվար: Չենք արել, քանի որ շատ լավ գիտակցել ենք դրա վտանգավոր հետևանքներն ու մեր պատասխանատվության աստիճանը, քանի որ դա չէր 1988-ի Արցախյան Շարժման նպատակը, դրա համար չէինք մի կտոր չոր հաց կիսելով 1991-94թթ.-ին ազգային- ազատագրական պայքար մղում: Քանի որ հարգել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու մեր բոլորի հավաքական կամքը, ոչ թե պաշտոնակռիվ տալու անհեռանկար ճանապարհը»:
Նշվում է, որ Արցախում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ, ուստի ընտրություններից հետո, Բալասանյանն,անկախ զբաղեցրած պաշտոնից, կրկին շարունակել է իր ծառայությունը՝ իր բաժին ներդրումն ունենալով Արցախի զարգացման գործում:
«Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին:
Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր «Հանուն Արցախի»համազգային շարժման մեկնարկի մասին: Ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի 2020-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով:





