Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող Մարտի 1 -ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն օգոստոսի 4-ին ազատ է արձակվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։
Պետրոսյանին դիմավորելու էին եկել նրա ընկերներն ու հարազատները։ Նա ուրախ էր և լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր փաստաբանը խոստացել է՝ մեղադրանքը կվերացվի, հայտնում է Aysor.am-ը։
Օգոստոսի 4-ին լրացել էր Պետրոսյանի կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը այդ ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։
Մարտիմեկյան իրադարձություններից տասը տարի անց ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:
Ավելի վաղ փաստաբան Վաղարշակ Գևորգյանը հայտնել էր, որ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքը աբսուրդային է, և իր պաշտպանյալը շարունակում է չընդունել մեղադրանքը։ Ավելին՝ Գևորգյանը պնդել էր, որ փորձաքննությամբ պարզվել է, որ Մարտի 1-ին սպանված ցուցարար Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված փամփուշտը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի փամփուշտի հետ։
Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ մարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու համար։





