AM
9 Օգոստոս 2019 - 06:34 AMT

«Սանիթեքը»՝ քաղաքապետարանին. Մեր առաջարկները մնացել են անպատասխան

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընկերության կողմից քաղաքապետարանին ներկայացված առաջարկները մնացել են անպատախան:

«Ընկերության կողմից օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման:

Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կառավարությունը օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին է ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը: Ընկերությունը լիահույս է, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը: