AM
28 Օգոստոս 2019 - 07:31 AMT

ՌԲԿ. Բաղրամյան պողոտան Երևանի ամենագեղեցիկ փողոցներից է

Ռուսական ՌԲԿ-ն ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի տեսարժան վայրերին, նաև Երևանին՝ խոսելով քաղաքի ճարտարապետական դեմքի և երկար պատմության մասին, որի մասին պատմող, սակայն, քիչ կառույցներ են պահպանվել:

Հոդվածի հեղինակ Քսենիա Գաշոն պատմում է, թե ինչպես է ժամանակակից ճարտարապետությունը փոխում հին Երևանի տեսքը, ուր է պետք այցելել, ինչ ուտեստներ փորձել Հայաստանի մայրաքաղաքում:

Նշվում է, որ Երևանը մայրաքաղաք է դարձել միայն 1918-ին, իսկ մինչ այդ փոքր քաղաք էր: Հիմնական կառուցապատումը կատարվել է խորհրդային տարիներին, իսկ որպես գլխավոր ճարտարապետ Լենինգրադից հրավիրվել է Ալեքսանդր Թամանյանը, որի շնորհիվ էլ քաղաքը ստացել է իր ներկայիս տեսքը: Թամանյանի ջանքերով Երևանի կենտրոնական մասի հատակագիծը հիշեցնում է եվրոպական նմուշները՝ օղակաձև կենտրոնը, որի ներսում փողոցների հավասար ցանցն է:

«Երևանի կենտրոնն այսօր ճարտարապետական ոճերի զարմանալի խառնուրդ է՝ Հանրապետության հրապարակի ազգային տարրերով նեոկլասիցիզմից և ստալինյան շրջանի ճարտարապետությունից մինչև ժամանակակից բարձրահարկեր, որոնք, սակայն, հիմնականում անճաշակ են: Շենքերի մեծ մասը կառուցված է տարբեր երանգների տուֆից, սակայն գերակշռում է վարդագույնը, ուստի Երևանը հաճախ վարդագույն քաղաք են անվանում»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ ավելի համեստ է ներկայացված «ռուսական կայսերական ոճը՝ XIX դարի վերջի և XX դարի սկզբի շենքերը, կառուցված սև, կարմիր, նարնջագույն տուֆից, կառուցված մի ոճով, որը կովկասյան ամպիր է կոչվում»: Նշվում է, որ այդ շենքերը հիմնականում Արամի և Աբովյան փողոցներում են:

«1920-1950թթ. ակտիվորեն կառուցապատվել է Երևանի կենտրոնը, որի հիմնական ոճը հայկական նեոկլասիցիզմն է, որը հորինել են Թամանյանն ու նրա հետնորդները: Այդ ոճի լավագույն նմուշները կարելի է գտնել Մաշտոցի պողոտայում և Օղակաձև զբոսայգում: Անշուշտ, Երևանում բազում են խորհրդային մոդեռնիզմի նմուշները, որոնց թվում կան ականավոր կառույցներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, «Ոոսիա» կինոթատրոնի շենքը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, Շախմատի տունը, Մարզահամերգային համալիրը, մետրոյի «Երիտասարդական» կայարանը»,-գրում է հեղինակը:

Հեղինակը պատմում է նաև Էրեբունի ամրոցի, Կոնդի, Սարյանի փողոցի, Կասկադի մասին:

«Կասկադից սկսվում է առանձնատներով կառուցապատված Բաղրամյան պողոտան, որը դեպի Կոմիտաս է տանում: Սա քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկն է: Ի դեպ, այն նախագծել է ոչ թե Ալեքսանդր Թամանյանը, այլ արդեն ուրիշ մի ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյանը: Այս պողոտայում են գտնվում համալսարանը, մի քանի դպրոցներ ու դեսպանատներ, Գիտությունների ակադեմիան, Գրողների և Նկարիչների միությունների շենքերը, Ազգային ժողովն ու նախագահի նստավայրը: Այստեղ է գտնվում նաև քաղաքի ամենախնամված զբոսայգիներից մեկը՝ Սիրահարների այգին»:

Ծավալուն հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Երևանից դուրս գտնվող բնակավայրերին ու տեսարժան վայրերին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական ՌԲԿ-ն կազմել է խորհրդային շրջանի մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկը, որոնք «պետք է տեսնել»: Ցուցակում է ընդգրկվել նաև երևանյան «Ռոսիա» կինոթատրոնը:

Ընթերցեք նաև. «Ռոսիա» կինոթատրոնը՝ խորհրդային մոդեռնիզմի ամենատպավորիչ կառույցների թվում