Այսուհետ պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել: Այդ մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Օգոստոսի 4-ից ուժի մեջ է մտել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս սահմանվել է նոր իրավունք՝ կատարողական վարույթի կողմերի համար:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում:





