Բարձրագույն դատական խորհուրդը՝ ԲԴԽ-ն կոչված է ապահովել դատական իշխանության և դատավորի անկախությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ԲԴԽ-ն ինչո՞ւ չկանգնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի կողքին, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում՝ Վարդազարյանն ասել է, որ «այնպես չէ, որ ամեն գնով պետք է պաշտպանել դատավորին», հայտնում է Aysor.am-ը:
«Բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին, և ԲԴԽ-ն թույլատրել է քրեական հետապնդում իրականացնել, իսկ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները օրենքի ուժով դադարեցված են», -ասել է նա:
Նա հավելել է, որ իր համար անհասկանալի է «իշխանություններին հարմար ԲԴԽ» եզրույթը: «Անհասկանալի է հնչող «իշխանություններին հարմար ԲԴԽ» եզրույթը, քանի որ ԲԴԽ գործառույթները կարգավորվում են օրենքով», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի դրվագով:
ԲԴԽ որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպանությամբ զբաղվելու պատրաստակամություն է հայտնել մոտ100 փաստաբան։Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը:





