AM
4 Սեպտեմբեր 2019 - 09:52 AMT

Ավինյան. Ամուլսարի հարցում մեկ շահագրգռվածություն ունեմ՝ պետշահի պաշտպանությունը

Հայաստանը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Ամուլսարի հանքավայրի շահագործմասն հարցում պարտադրանքի առկայության մասին հարցին:

«Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե անձամբ ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման հարցում՝ հաշվի առնելով «Էլարդ» ընկերության հետ կապվածության մասին խոսակցությունները, փոխվարչապետը պատասխանել է. «Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն. դա պետական շահի պաշտպանությունն է և պահպանումը։ Որևէ այլ շահագրգռվածություն չունեմ և չեմ կարող ունենալ»։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս, բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն դոլարի ներդրում ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան։