AM
16 Սեպտեմբեր 2019 - 09:57 AMT

ԵՊՀ մամուլի խոսնակը դատի է տվել համալսարանին

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է, որ հայց է ներկայացրել ընդդեմ բուհի:

«Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը»:

Գրառման մեջ ԵՊՀ մամուլի խոսնակը նշել է, որ սա համարում է լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից, միևնույն ժամանակ նշելով՝ տարիներ շարունակ ԵՊՀ-ում աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտվել են՝ կնքելով ժամկետային պայմանագրեր.

«Դրանով բարձր և միջին օղակների ղեկավարները ճնշել են իրենց աշխատողներին՝ սպառնալով, որ ոչ լոյալության պայմաններում չեն վերակնքի աշխատանքային պայմանագրերը և որպես ուժի ցուցադրություն՝ կամայականորեն մարդկանց զրկել են աշխատանքից»:

ԵՊՀ մամուլի խոսնակը վստահություն է հայտնել, որ այս դատական գործընթացը դառնալու է նախադեպային՝ ԵՊՀ-ի և մնացած հիմնարկների աշխատողների իրավունքների պաշտպանության համար: Էմին-Տերյանը ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնը ստանձնել էր դեռ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի օրոք: