AM
16 Սեպտեմբեր 2019 - 11:06 AMT

ԱԺ նախագահ․ Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թ․նախատեսվող պաշտոնավարումը ոտնձգություն է ՍԴ դեմ

ՀՀ ԱԺ-ն սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի Սահմանադրական դատարանում ու դրա որոշումների շուրջ խնդիրների և իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշել է, որ Սահմանադրական դատարանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է առեևույթ կողմնակալության հիմքով, ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարիության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը, դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

«Ի հավելումն, ներկայացված հատուկ կարծիքներից մեկում (խոսքը ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի կարծիքի մասին է՝ խմբ․) տվյալ գործի համար զեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդուման հարցում և, ըստ էության, արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն», – շեշտել է նա։

«Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած բարդությունը և հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել», – ընդգծել է Միրզոյանը։

Ըստ ԱԺ խոսնակի, վստահաբար կարելի է նշել, որ ՍԴ-ն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից:

«Երկրորդ՝ Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված ՍԴ դիմումների մասով: Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժաղով՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ հուլիսի 18-ին ՍԴ-ն կասեցրել էր տվյալ գործերի քննությունը: ՍԴ-ն մարտիմեկյան իրադարձություններից բխող դիմումների գործերով պատասխանող ճանաչված ԱԺ-ին չի տրամադրել իր դիմումների հայերեն տեքստը: Ի պատասխան ԱԺ աշխատակազմից ՍԴ աշխատակազմ ուղղված գրության ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործով պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ, և դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրվել չի կարող»,- հայտարարել է Միրզոյանը։

«2018 թվականի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ, այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018 թվականի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը, ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էթության, ՍԴ դատավորներին նախագահ ընտրելու հնարավորությունից զրկում է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես ՀՀԿ կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն ՍԴ ինքնավավարության դեմ», – հայտարարել է ԱԺ խոսնակը: