AM
16 Սեպտեմբեր 2019 - 11:44 AMT

Փաշինյանը չի մեկնաբանել Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այլևս պետական պաշտոնյա չէ ու կարող է հանգիստ անել ցանկացած հայտարարություն։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին։

«Ես սովորաբար արձագանքում եմ այն հայտարարություններին, որոնք անձամբ կարդացել եմ: Կծանոթանամ, եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանության՝ կանեմ», – ասել է Փաշինյանը Վանաձորում ասուլիսի ժամանակ, երբ լրագրողը նրանից փորձել է մեկնաբանություն ստանալ Վանեցյանի հայտարարության մասին։

Հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել է, որ «պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։

Փաշինյանը, իր հերթին, հայտարարությունից րոպեներ առաջ հաստատել է հրաժարականի մասին տեղեկություններն ու շեշտել, որ Վանեցյանը կկենտրոնանա ֆուտբոլի վրա։