AM
16 Սեպտեմբեր 2019 - 12:49 AMT

Փաշինյան․ Հասկանալի չէ՝ Վանեցյանն ինչի մասին է խոսում

Հրաժարական ներկայացրած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երբեք սպայի պատվի հետ պրոբլեմների մասին ոչինչ չէր ասել։ Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ասուլիսի ընթացքում։

«Ես ասում եմ պաշտոնապես, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, որ նա ասի, որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ: «Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի մասին է նա խոսում: Ես առաջին անգամ եմ լսում նման բան», – նշել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ հրաժարականի պատճառը բաց նշել չի ցանկացել, դրա համար էլ ասել է փոխադարձ համաձայնությամբ հրաժարականի մասին։ Նա կրկին շեշտել է, որ ազգային անվտանգության ոլորտի մասին հրապարակային չի խոսալու։

Հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել է, որ «պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։