Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակելու է սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին առաջին ատյանի դատարանին՝ ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու համար։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2019-ի հունիսի 25-ին. դա նրա երրորդ կալանավորումն էր վերջին մեկ տարվա ընթացքում:
Ինչպես և վերջին դատական նիստերին, դատարանի մոտ զուգահեռաբար 2 ցույց է անցնելու՝ Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների ցույցերը։ Վերջին անգամ ցույցերն ուղեկցվեցին բախումներով, Քոչարյանի աջակիցները ծեծեցին մի քանի հակառակորդի, մեղադրելով նրանց վիրավորանքներ հացնելու մեջ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հրապարակել էր Բարձր դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը։ ՍԴ-ն Մարտի 1-ի գործով, քննելով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Քրեական դատավարության մասին օրենսգրքի՝ հակասահմանադրական ճանաչված՝ 35-րդ հոդվածն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:





