Սահմանադրական դատարանին վերաբերող Ազգային ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարությունը ամրագրեցին այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և սահմանադրական կարգի տապալման ուղին:
Այս մասին է ասվում սեպտեմբերի 16-ին ՀՅԴ տարածած՝ Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի վերաբերյալ հայտարարությունում։
«Հանրային պահանջի անվան տակ, իսկ իրականում առաջնորդվելով սեփական շահերով՝ պետության ինստիտուցիոնալ հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականությունն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Դատական համակարգի յուրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ: Դաշնակցությունը, լինելով հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է խիստ վտանգավոր», – ասվում է հայտարարությունում:
«Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից: Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված արդարադատություն իրականացնելու առաքելությանը։ Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին և հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ», – ասվում է հայտարարությունում։
Սեպտեմբերի 16-ին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը սկսում է Հրայր Թովմասյանին ՍԴ դատավորի պաշտոնից հեռացնելու գործընթաց։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ավելի վաղ կոչ էր արել ԱԺ-ին դիրքորոշում արտահայտել ՍԴ-ում իրավիճակի շուրջ, ու նշել, որ Թովմասյանի՝ մինչև 2035-ը դատավարելու հեռանկարը, ըստ էության, ՍԴ դատավորներին նախագահ ընտրելու հնարավորությունից զրկում է:





