Կառավարության կողմից կմշակվեն ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև գործող ծրագրերը, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստում։
Նիստի ընթացքում քննարկվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի համակարգի բարելավման, երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական հասանելիության վերաբերյալ ծրագրային առաջարկները։ Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդ և երեխա ունեցող, ինչպես նաև երիտասարդ և երեխա չունեցող ընտանիքների բնակարանային ապահովության մատչելիության ընդլայնմանն ուղղված ծրագրային առաջարկին։
Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվել է մշակել և շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակների ուղղությամբ, դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաների երկարօրյա խնամքի ապահովման ու երեխա ունեցող և դեռևս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցության ուղղություններով:





