AM
17 Սեպտեմբեր 2019 - 08:00 AMT

Ինչ էր ասում Փաշինյանն ԱԱԾ-ի և ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքականացնելու մասին 5 ամիս առաջ

ԱԺ-ն սեպտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ և 111 կողմ ձայնով ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծերի փաթեթը՝ ԱԱԾ պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու ու այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու մասին։

Վարչապետ Փաշինյանն այս որոշումն ասուլիսի ժամանակ անվանել է կոմպրոմիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, քանի որ ուժային կառույցների ղեկավարներին ներկայացվող պահանջների թեմայով կար մեծ բանավեճ: Վարչապետը նշել էր, որ նման կոմպրոմիսը հարիր է ժողովրդավարական երկրներին։ «Շատ են մեզ քննադատում, որ մենք մեր տեսակետն ունենք եւ որևէ կերպ չենք լսում ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին: Որպեսզի այնպես չլինի, որ մեր ասածն է և վերջ, ուրիշ բան չենք լսում», – ասել է Փաշինյանը։:

Որոշումից 5 ամիս առաջ Փաշինյանը քննադատում էր նման հեռանկարը։ «Ուզո՞ւմ ենք մենք արդյոք, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը լինեն քաղաքական պրոցեսի մասնակիցներ»,- ասում էր նա ապրիլի 17-ին ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամանակ իշխանության լիազորությունների կրճատման մասին հարցին պատասխանելիս։

Անդրադառնալով այս հարցին՝ վարչապետը նշել էր, որ ԱԱԾ պետի և ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելը կնշանակի, որ նշված կառույցները կդառնան քաղաքական պրոցեսի մասնակիցներ։«Նախարարություն նշանակում է քաղաքական պաշտոն, նշանակում է, կուսակցության անդամ, նշանակում է քաղաքական գործիչ: Մենք ուզու՞մ ենք, որ քաղաքական գործիչը լինի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար: Ուզում՞մ ենք, որ Ոստիկանության պետը լինի քաղաքական գործիչ, ով վաղը լինելու ա պատգամավորի թեկնածու», – հարցնում էր վարչապետը՝ ԲՀԿ-ից Շաքե Իսայանին պատասխանելիս։

«Եթե անգամ ենթադրենք, թե այս պահի դրությամբ կա ներքին գործերի նախարար և ԱԱԾ նախարար, և ՔՊ կուսակցության երկու անդամներ էդ կարգավիճակով են, դրանից ձեզ ավելի լա՞վ է: Հաստատ ավելի լավ չի՛: Որևէ ընդդիմության համար ավելի լավ չի», – հայտարարել էր վարչապետը։

Թեմայի մասին խոսելով վարչապետը հիշեցրել էր, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն նախկինում՝ 90-ականներին, եղել են նախարարություններ և այդ ժամանակ այդ կառույցների հետ կապված հարցերը պակաս չեն եղել: