AM
17 Սեպտեմբեր 2019 - 10:48 AMT

Գևորգ Պետրոսյան․ Կանխակալ կարծիքները Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում են

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, ասել է, թե ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունների դադարեցման մասին:

«Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Այսպիսի կարծիքներն ավելի շատ կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում»,- նշել է Գևորգ Պետրոսյանը:

«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- նշել է Պետրոսյանը, հավելելով՝ իրենք այնպիսի նախաձեռնությունների չենք միանում, որտեղ համոզմունք չունեն:

Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Իմ քայլը» Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսում։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ հայտարարել էր, որ ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ «Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է», – նշել է նա։