AM
17 Սեպտեմբեր 2019 - 10:59 AMT

Մարուքյան․ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը

Խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին, կարծիք է հայտնել, թե Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող է և սկիզբ է դնում նրա քաղաքական գործունեությանը:

«Բնականաբար մենք իշխանության ներքին որևէ բանի չենք տիրապետում, բայց այսպես կոչված մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող է»,- ասել է ԼՀԿ ղեկավարը, հայտնում է Panorama.am-ը։

ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշել է նաև, որ ջերմ հարաբերություններ են ունեցել ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ և նրա հրաժարականն անակնկալ էր իրենց համար: Մարուքյանը նաև հավելել է, թե չի կարծում, որ Վանեցյանի քաղաքական գործունեությամբ զբաղվելը իշխանության հետ պայմանավորված կլինի:

«Ոչ, տեքստից ես չեմ տեսնում պայմանավորվածություն։ Ես նաև Փաշինյանի տեսակը գիտեմ, նա երբեք չի պայմանավորվում», ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել և հայտարարություն տարածել իր որոշման վերաբերյալ: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասվում էր Վանեցյանի հայտարարության մեջ:

Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հրաժարականին, նշել էր, որ Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկել, սակայն այս պահին նա կկենտրոնանա ՀՀ ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնության եղրափակիչ դուրս բերելու շատ կարևոր ազգային ու պետական նշանակության խնդրի լուծման վրա: