Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել ԱԱԾ պետի պաշտոնից հետո քաղաքականություն մտնելու մասին լուրերը` նշելով, որ այս պահին իր համար ամենակարևոր հարցը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլ դուրս գալն է:
«Կանցնի ժամանակ, և ես իմ հնարավոր որոշումը կկայացնեմ, այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես զբաղվելու եմ միայն ֆուտբոլի առաջնությամբ»,- factor.am-ի հաղորդմամբ՝ ասել է Վանեցյանը:
Խոսելով հրաժարականի մասին՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը նշել է, որ չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ:
«Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի, կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ իմ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես չեմ փոշմանել իմ կատարած քայլից»,- շեշտել է նա։
Վանեցյանն անհրաժեշտ չի համարել մեկնաբանել իր հրաժարակնի տեքստը՝ հորդորելով չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ և իրեն ներքաշել խաղերի մեջ:
«Նախկիների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են ու ոնց կշարունակենք»,- armlur.am-ի հաղորդմամբ՝ ասել է Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին: «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,-ասվում էր ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարությունում:





