AM
17 Սեպտեմբեր 2019 - 12:24 AMT

Քոչարյան. Եթե փախնող լինեի, ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ էին խմելու

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել է:

Դատական նիստի ընթացքում Քոչարյանը, դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ասել է, թե այդ դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը:

Խոսելով կալանքից ազատվելու միջնորդության դեմ եղած փաստարկների մասին՝ Քոչարյանը նշել է, թե ինքն այն տեսակի մարդ չէ, որ ինչ-որ բանից փախչի:

«Եթե փախնողը լինեի, այսօր ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին, ես ստիպված եմ սա ասել, որովհետև մարդու կենսագրությունը շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որ ինքն անում է»,- ասել է Քոչարյանը, հայտնում է A1+-ը։

Խոսելով գործը խոչընդոտելու և ինչ-որ մեկի վրա ազդելու հնարավորության մասին՝ երկրորդ նախագահ Քոչարյանը ասել է, թե չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան փոխելու համար և, դիմելով դատավորին նշել է, որ ամբողջ քրեական գործում ընդամենը երկու երեք դրվագ են կապված իր հետ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Սեպտեմբերի 17-ին դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու համար։