Ռուսաստանցի օրենսդիրները քննարկում են ԵԱՏՄ տարածքում ազգային վարորդական իրավունքներով երթևեկելու հարցը: Այս մասին «Ռիա Նովոստիին» հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Զատուլինի խոսքով՝ այդ դեպքում հնարավոր են փոփոխություներ նաև Ռուսաստանի գործող օրենսդրության մեջ:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի քանի անգամ դիմել է ռուս գործընկերներին՝ Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման հարցով: Մասնավորապես նշվել է, որ նման սահմանափակումը հակասում է Եվրասիական տնտեսական միության գործունեության հիմնարար սկզբունքներից մեկին՝ աշխատողների ազատ տեղաշարժին:
Զատուլինը նշել է, որ անցկացված խորհրդակցության ընթացքում հայկական կողմը հերթական անգամ բարձրացրել է այս հարցը՝ հավելելով՝ նման հնարավորություն ունեն Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ հանձնաժողովը պետք է ձգտի կիրառել այս օրենքը՝ հիմնվելով ոչ թե տվյալ երկրում ռուսաց լեզվի կարգավիճակի վրա, այլ այն բանի, թե այդ պետությունը ԵՏՄ մասնակից է, թե ոչ:
Կոնստանտին Զատուլինը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն պատկանող վարորդական իրավունքը պետք է արտոնություններ ունենա ողջ միության տարածքում:
Սեպտեմբերի 10-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ԱԺ-ում հայտնել էր, որ ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Քոչարյանը նշել էր, որ այդ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։ «Եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- մանրամասնել էր փոխոստիկանապետը:





