AM
24 Սեպտեմբեր 2019 - 07:19 AMT

Քարսիթի նվիրատվության հարթակ է բացվել

Հայաստանում մանկական նստատեղերի նվիրատվության առցանց հարթակ է գործարկվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շնորհակալություն հայտնելով դրա համար Մեսրոպ Մինասյանին և ամբողջ թիմին:

Նշվում է, որ նախագիծը հնարավորություն կտա նվիրելու քարսիթն այն ընտանիքներին, ովքեր ունեն դրա կարիքը՝ թույլ տալով նրանց քարսիթի գումարը ծախսել այլ կարևոր բաների վրա։

«Նախաձեռնությունը նաև թույլ կտա խթանել ընտանեկան փոխօգնության զարգացումը մեր երկրում, միգուցե նաև վերաճի փոխադարձ հոգատարության ավելի մեծ շարժման։ Չմոռանանք, որ պատահարի ժամանակ ճիշտ ամրակապված երեխան փրկվելու մի քանի անգամ ավելի մեծ շանսեր ունի, քան պարզապես մեքենայի մեջ առանց ամրակապվելու երթևեկող երեխան։Եկե՜ք ազգովի փրկենք մեր երեխաների կյանքը և պահպանենք նրանց առողջությունը»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

Համաձայն կառավարության ընդունած որոշման՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: