AM
24 Սեպտեմբեր 2019 - 09:15 AMT

Հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրափեր համալսարանի միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Դրափեր համալսարանի հիմնադիրներ Թիմ և Բիլ Դրափերների հետ, որի շրջանակում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրափեր համալսարանի միջև։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համագործակցել, համատեղ կրթական ծրագրեր իրականացնել տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար NVidia ընկերությունն էր, որը մասնագիտացած է համակարգչային գրաֆիկաների մշակման ոլորտում և որի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնյան հովիտում։ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։ NVidia-ի կենտրոնակայանում և ցուցասրահներով շրջայցի ընթացքում Ջենսեն Հուանգը ՀՀ վարչապետին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ծրագրերը, համակարգչային գրաֆիկաների մշակման գործընթացը, դրա շրջանակում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև կարճատև հանդիպում է ունեցել NVidia ընկերության գործադիր տնօրենի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները։

Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը Հայաստանում: Այդ մասին ԱՄՆ Սիլիկոնյան հովիտում գտնվող ընկերության կենտրոնակայանում հայտարարել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը՝ հյուրընկալելով աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։