AM
24 Սեպտեմբեր 2019 - 11:40 AMT

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնել դատախազություն։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ Պաշտպանը նշել է, որ միջնորդության պատասխանը կստանան մոտ օրերս, միայն դրանից հետո կորոշեն հետագա գործողություները: Սարդարյանի խոսքով՝ ակնհայտորեն չկան քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր, այնինչ արդեն ամիսներ շարունակ իրականացվում է քրեական հետապնդումը։

«Ակնհայտ է, որ նույնիսկ ենթադրյալ ապացույցները, օրինակ Սամվել Ադյանի ցուցմունքով, որը փոփոխված է և արժանահավատ չէ, Սանասարյանը որևէ կերպ չի արատավորվում։ Այսինքն այդ ցուցմունքը ոչ միայն չի համապատասխանում մյուս ցուցմունքներին և կեղծ է, այլ նույնիսկ եթե դա հիմք ընդունենք, այդ ցուցմունքով էլ գրվում է, որ Սանասարյանն ազնիվ է եղել»,-ասել է պաշտպանը։

Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել էր, որ պատրաստվում է իր դեմ հարուցված գործով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել:

2018 թվականի փետրվարի 26-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին միջամտության կասկածանքով: Այս գործի շրջանակում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Այս պահին Սանասարյանի լիազորությունները դադարեցված են, գործը քննվում է ԱԱԾ-ում: