ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կայուն զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մասին: Մասնավորապես, նա նշել է, որ դրանք պետք է ներառական գործընթաց լինեն՝ հասանելի բոլորին, անկախ քաղաքական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից:
«Ոչ ոք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չպետք է անմասն մնա կայուն զարգացման գործիքներից: Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին արձագանքելու և ներառական հասարակություն կառուցելու համար», -հավելել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Կրթության, նորարարության և սմարթ զարգացման առաջնահերթություններին անդրադառնալով՝ վարչապետը նշել է, որ այդ հարցերը շարունակելու են Հայաստանի կառավարության համար առաջնահերթ մնալ։
Փաշինյանն ընդգծել է նաև տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրման կարևորությունը ու նշել, որ Հայաստանն արդեն զգում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը` արձանագրելով 1.3 աստիճան ջերմաստիճանի միջին բարձրացում:
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է սեպտեմբերի 21-ից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ ՀՀ վարչապետը հանդիպումներ էր ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ամերիկյան քաղաքական և գործարար շրջանակների հետ:





