«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարծել, որտեղ ասվում է, որ Հայաստանը չունենք ազգային անվտանգության ապահովման ամբողջական համակարգ և որ պետք է ստեղծել անվտանգության մարմինների ազգային համակարգ:
«Հայաստանի Հանրապետությունում (այստեղ և այսուհետև՝ Արցախը ներառյալ) ազգային անվտանգության մարմինների համակարգն ըստ էության սահմանափակվում է ԱԱԾ-ով: Որպես արդյունք՝ մենք չունենք ազգային անվտանգության ապահովման ամբողջական համակարգ. պաշտպանության և այլ ոլորտային համակարգերի անվտանգության մարմինները կայացած չեն և շոշափելի կշիռ ու կարգավիճակ չունեն պետական կառավարման գործում: Բացի այդ՝ նրանք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության ու համակարգման ներքո և որևէ կերպով չեն կարող հակակշռել նրան, իսկ շատ դեպքերում պարզապես ենթարկվում են նրա թելադրանքին:
ԱԱԾ-ն խորհրդային շրջանից մեզ ժառանգված ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հայաստանյան տարածքային ստորաբաժանման մնացորդն է: Նրա մեջ ազգայինը միայն անվանումն է, ինչպես նաև ծառայողների այն մասը, որ փորձում է հոսանքին հակառակ հնարավորինս ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Որպես համակարգ՝ ԱԱԾ-ն իրականում ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությանը ենթակա հայաստանյան հատուկ ծառայություն է՝ մի յուրօրինակ օտար պետություն մեր պետության մեջ: Նա շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում և մեր հողի վրա մեր ազգային շահերի հաշվին ապահովում է օտար պետության շահերը
Գաղտնիք չէ, որ անկախության արդեն երեք տասնամյակի ընթացքում մեր ինքնիշխանության և պետության ինստիտուցիոնալ կայացման ու սոցիալ-տնտեսական զարգացման խափանումը գլխավորապես արդյունք է այս համակարգի հակահայ և հակամարդ գործունեության»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ անհրաժեշտ է արմատապես վերանայել «ամենազոր ԱԱԾ-ի՝ որպես պետության մեջ անվերահսկելի և բոլորին ու ամեն ինչը հսկող յուրօրինակ պետության, համակարգը, զտել օտարին ծառայող ու կոռումպացված անձանցից և, տարանջատելով նրա բաղադրիչները, ստեղծել միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ»:
Նշված նպատակի իրագործման համար կուսակցությունն առաջարկում է 2 փուլից բաղկացած գործողությունների ծրագիր, որոնցից առաջնայիններն են արդեն ընդունվող օրենսդրական փոփոխության հիման վրա ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնում այդ կառույցի հետ չկապված անձի նշանակումը է և լյուստրացիայի միջոցով կամ այլ եղանակով անվտանգության բոլոր մարմինների զտումը:





