Դեռ հայտնի չէ, թե հրաժարականից հետո ով է փոխարինելու Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին, ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝Սարգսյանը հայտարարել է, որ լիազորությունները վայր կդնի զորավարժություններից հետո: Նախարարն ասում է՝ դրանից հետո միայն համապատասխան ընթացակարգով վարչապետը կներկայացնի մարզպետի նոր թեկնածուին:
Անդրադառնալով մարզպետի հրաժարականին՝ նախարարը նշել է, որ նա քաղաքական որոշում է ընդունել և նպատակահարմար չի գտել այս իրավիճակում պաշտոնավարել:
«Նրա հրաժարականի պատճառը ստեղծված իրավիճակն է, հիվանդանոցում ունենք սպա, որը պայքարում է իր կյանքի համար: Անկախ նրանից, թե հետագա քննությունն ինչ է պարզելու ու ինչ արդյունք է լինելու, որովհետև հիմա մեր սպայի կյանքը շատ կարևոր է, բայց նաև արդարությունը, պետության մեջ բոլորի հավասարությունն օրենքի առաջ պետք է հստակ լինի՝ թե՛ մարզպետի, թե՛ սպայի, թե՛ հասարակ քաղաքացու»,- ասել է Պապիկյանը:
Սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։ Ավելի ուշ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար կալանավորվել էր Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դրանից հետո մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարել էր, որ դադարեցնում է լիազորություները՝ հերքելով իր առնչությունը Մխիթարյանին ծեծի ենթարկելուն:





