AM
30 Սեպտեմբեր 2019 - 07:55 AMT

Գերմանացիներն Արցախում 150 հա նռան և ընկուզենու նոր այգիներ կհիմնեն

Գերմանական ընկերությունն Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ կհիմնի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Մյունխեն և Ժնև քաղաքներում, որտեղ հանդիպել եմ Արցախի հիդրոէներգետիկ ոլորտում ակտիվ ներդրումներ իրականացնող եվրոպական հայտնի ընկերությունների ղեկավարների հետ: Չնայած նրանք դեմ չէին իրենց անունները հրապարակելուն, բայց, հաշվի առնելով մեր հարևանի ագրեսիվ տրամադրվածությունը, զերծ կմնամ նրանց համար ավելորդ խնդիրներ ստեղծելուց:

Քննարկման հիմնական առանցքը եղել է այդ ընկերություններին Արցախի գյուղատնտեսության ոլորտում ներգրավելը: Ուրախ եմ տեղեկացնել, որ գերմանական ընկերության հետ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ տնկելու շուրջ: Աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և այն մաս կկազմի Արցախում ավելի քան 10 հազար հեկ¬տար նոր այ¬գիների հիմնման մեծ ծրագրին»,-ասվում է գրառման մեջ:

Հարությունյանը նշել է, որ այցի ընթացքում գերմանացի գործընկերների ուղեկցությամբ մասնակցել է նաև Մյունխեն քաղաքում կազմակերպված ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնին:

«Կարծում եմ՝ Արցախում անցկացվող փառատոններին նոր շունչ հաղորդելու համար ուսանելի շատ բան ունենք: Ընդհանրացնելով այցիս արդյունքները՝ կարող եմ հայտարարել, որ եվրոպական ավելի մեծ ներդրումների ներգրավումն Արցախում այլևս իրողություն է, և համոզված եմ, որ տարեցտարի այն կամրապնդվի նոր նախագծերի իրականացմամբ»,-ասվում է գրառման մեջ: