AM
30 Սեպտեմբեր 2019 - 08:03 AMT

Ջերմուկի 19 բնակիչ հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեմ

Նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքներով` Ջերմուկի համայնքի 19 քաղաքացի, փաստաբան Նազելի Վարդանյանի միջոցով, հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի:

Խնդրանքն է՝ պարտավորեցնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի՝ 29.04.2016թ. դրա հաստատումը:

Դատարանը որոշել է քաղաքացիների կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ: Դատական նախնական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանում։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող՝ Ջերմուկի քաղաքացիները կարծում են, որ հանքն էական վնաս կհասցնի բնակավայրի էկոմիջավայրին և բնակիչների առողջությանը: Ամիսներ առաջ՝ դեկտեմբերի 27-ին, երկու տասնյակ քաղաքացիներ կրկին հայցադիմում էին ներկայացրել Վարչական դատարան՝ նույն պահանջով, դատարանը կրկին վարույթ էր ընդունել: