Երևանի N 200 հիմնական դպրոցն այսուհետ կրելու է Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունը:
Այս մասին հաղորդում է Երևանի քաղապետարանը ֆեյսբուքյան իր էջում:
Լեոնիդ Ազգալդյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, Արցախի հերոս: Ազգալդյանը ծնվել է 1942-ին Թբիլիսիում: 1960թվականին նա ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ: Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։
1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորման հրամանատարությունը: Արցախյան ազատամարտի տարիներին Ազգալդյանը կազմակերպել է մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել է ազատագրական մարտերի, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Ազատամարտի ընթացքում Ազգալդյանը գործել է Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում: Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով՝ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, և շարունակել է ղեկավարել այն մինչև իր կյանքի վերջը:
Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ:





