AM
4 Հոկտեմբեր 2019 - 11:23 AMT

Լևոն Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասել է Երանոսյանը։ Նա նշել է, որ երբ սկսվի դատական գործընթացը, կպատասխանի գործի վերաբերյալ լրագրողների հարցերին, հայտնում է Panorama.am-ը։

Այն հարցին, թե ինչու աշխատանքից ազատվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա պատասխանել է. «Չգիտեմ, չեմ զբաղվում ոչ քաղաքականությունով, ոչ էլ տեղյակ եմ»։

Երանոսյանն ասել է, որ հիմա թոշակառու է, այգի է խնամում։

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:

Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Լևոն Երանոսյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց։