Հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշել է, որ Բուլղարիայի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն առաջընթացը բավարար գնահատել չի կարելի, հայտնում է Aysor.am-ը:
«Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ու ակտիվ մաս են կազմում ՀՀ-ԵՄ երկխոսության կոնտեքստում», – ասել է ԱԳ նախարարը:
Մնացականյանի խոսքով՝ Բուլղարիայի փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքում ստորագրել են 2 փաստաթուղթ։
Դրանցից մեկն, ըստ նախարարի, ՀՀ կառավարության և Բուլղարիայի կառավարության միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրն է, մյուսը՝ Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։





