Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնին չի հավակնում, իսկ ԱԻՆ-ում ստուգումների արդյունքում որևէ ֆինանսական խախատում գտնել հնարավոր չէ: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղոդրմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է նախարար Ցոլակյանը:
Խոսելով ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնելու մասին` Ցոլակյանը նշել է, որ դա սուտ տեղեկություն է:
«Իզուր բաներ են դրանք, չգիտեմ ով է էդ ձևի նստում, մատին նայում, բաներ ասում: Էդ ես չեմ: Անցած մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարցրին, թե Վանեցյանին ես եմ երաշխավորել, ասացի՝ այո: Բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ես երաշխավորել եմ, դա շատ վաղուց է եղել ու ինքն ընդունվել է համակարգ»,- ասել է Ցոլակյանը:
Նախարարն անդրադարձել է նաև տեղեկությանը, թե Կոտայքում դատավորներից մեկը զենք է պահել հրշեջների վրա՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը, հաստատելով այդ լուրը:
«Չորս հոգով գնացել են կանչի, դիմացից մեքենա է եղել, միացրել են ազդանշանը, որ ճանապարհ տա, ճանապարհ չի տվել, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի դատավոր էր, ով էր, երբ տվեցին մեքենայի համարը, մեր Ճգնաժամային կառավարման կենտրոն ներկայացվեցին տեղեկությունը: Ոստիկանությունը զբաղվում է դրանով»,-ասել է Ցոլակյանը:
Խոսելով ԱԻՆ-ում անցկացվող ստուգումների մասին նախարարը նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում ծանոթների, բարեկամների աշխատանքի ընդունելու և մրցույթները սխալ կազմակերպելու մասին տեղեկությունները:
«Հաստատ իմացեք մի բան՝ որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, մնացածը կերևա, թող ստուգեն տեսնենք ինչ կլինի»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ մոտ օրերս կավարտվեն ստուգումները:
Նախարար Ցոլակյանը նաև նշել է, որ այս տարի 260 մլն-ի տեխնիկական գործիքներ են գնվել, որոնք օգտակար են անտառային հրդեհների, խոտածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքների համար՝ հավելելով, որ, սպասում են երկու խմբաքանակի՝ 22 ճապոնական և 26 ռուսական մեքենաների:





