AM
25 Նոյեմբեր 2019 - 06:53 AMT

ԱԺ խոսնակը դատի կտա իրեն «պլանքյաշ» անվանած ու խաշի մասին գրած օգտատիրոջը

ՀՀ ԱԺ ղեկավար Արարատ Միրզոյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ իր ծննդյան հավաքույթի և ծախսված գումարի մասին գրառում կատարած օգտատեր Նարեկ Սամսոնյանին։

«Քիչ առաջ տեսա իմ և այս միջոցառման մասին մի զզվելի գրառում, որում առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար դատական հայց եմ ներկայացնելու հեղինակի դեմ։ Գրառման հեղինակը ոչ թե սխալ տեղեկություններ ունեցող մի քաղաքացի է, այլ էժանագին խաբեությամբ և մանիպուլիացիայով մեր քաղաքական թիմին վարկաբեկելու համար ջանք չխնայող մեկը՝ կարծեմ ինչ֊որ ՀԿ ղեկավար, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր ու քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող մեկը»,- գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ ինքը լավ է վարձատրվել նաև մինչև ԱԺ պատգամավոր դառնալը:

Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ իր ապառիկների վերաբերյալ կատակը չարժե շահարկել, քանի որ ԱԺ նիստի ժամանակ ինքն ասել է, թե մոռացել է մուծել ՃՈ տուգանքը, ինչի հետևանքով հաշիվները սառեցվել են:

«Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերը ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը»,-ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ ներողություն պետք է խնդրի նաև հաճախորդի տվյալները հրապարակած ռեստորանների ցանցը:

Օգտատերը ֆեյսբուքյան իր էջում նոյեմբերի 24-ին գրել էր, որ ԱԺ ղեկավարը 290,000 դրամ հաշիվ է փակել՝ 26-28 հոգու համար նախատեսված խաշի սեղանի համար՝ նշելով, որ սովորական աշխատավարձով ապրող մարդն իրեն այսպիսի բան թույլ տալ չէր կարող: