AM
17 Դեկտեմբեր 2019 - 09:25 AMT

Մարուքյան. Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք

«Լուսավոր Հայստան» կուսակցությունն ավելի քան գոհ է Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գործունեությունից: Այդ մասին ԱԺ-ում հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ եթե «Լուսավոր Հայստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում կայացնի Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ, ապա կուսակցությունն այլևս ներկայացված չի լինի ավագանիում, հետևաբար որևէ պատասխանատվություն չի շարունակի կրել Երևանի ավագանիում իրականացվող գործունեության համար, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, այս հարցը մի քանի անգամ քննարկման առարկա է դարձել։ Կուսակցությունը ստանում է հազարավոր նամակներ, մեդիա թիմը հետևում է արձագանքներին, դրանք ներկայացնում կառավարման խորհրդին:«Քաղաքացիներին ուզում ենք ասել, որ մենք լսում ենք ձեզ, լսել ենք ձեզ, ձեր ձայները հասնում են մեզ։ Եվ այո, դրանից բխող քայլեր ենք քննարկում»,-ասել է Մարուքյանը։

Նա նշել է, որ դեկտեմբերի 16-ի նիստում հնչած հայտարարություններից հետո իրենց սկսել են շատ գրել, հարցեր հնչեցնել, ի պատասխան հայտարարություն է տարածվել ու հրատապ ասուլիս հրավիրվել։ «Այս արձագանքը պետք է հետագայում ունենա կառավարման խորհրդի կողմից կայացվելիք որոշում»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Խաժակյանին հետ կանչելու մտադրության վրա ազդել են քաղաքային իշխանութունները՝ Էդմոն Մարուքյանը բացասական պատասխան է տվել։

«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք։ Դավիթ Խաժակյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի, նաև օրինակելի գործիչ է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ։ Բայց նաև միևնույն ժամանակ կան իրավիճակներ, որոնք Դավիթ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը պատասխանատվություն է կրում դրանց համար՝ որպես խմբակցության ղեկավար, այդ պատասխանատվությունը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա։ Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են ոչ մեր անդամների պատճառով, մենք ինչքա՞ն կարող ենք մեկնաբանել, դա մեզ համար լուրջ խնդիր է»,-ասել է նա։

Ասուլիսին մասնակցող կուսակցության անամ Մանե Թանդիլյանն էլ նշել է, որ կուսակցությունն ունի սահմանված օրակարգ, որից պարբերաբար շեղվում է «Լույս» խմբակցությունը։

«Հետևաբար մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում կամ ի՞նչ ձևաչափով է նպատակարհարմար շարունակել, մենք պետք է կրենք պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը»,-ասաց Թանդիլյանը։

Նրա խոսքով, կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ համաձայն չէ ու ազդեցություն չունի ցուցաբերվող վարքագծի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով: «Սա Նոր Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընտրովի պաշտոն զբաղեցնող անձը` Երևանի քաղաքապետը անցնում է պաշտոնեական լիազորությունները թույլ տալով պաշտոնեական կեղծիք. ունեմ բոլոր ապացույցները` փաստով»,-գրել էր Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ըստ Խաժակյանի ներկայացրած հաղորդման, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ընթացքում Երևանի քաղաքապետին փոխարինել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Հայկ Մարությանի և Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ քաղաքապետի լիազորությունները կատարել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Օրենքից բխում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի կարող փոխարինել քաղաքապետին և չունի իրավասություն կատարելու քաղաքապետի բացառիկ լիազորությունները՝ մասնավորապես քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ստորագրելը։ Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից և կարգադրություններից կարող ենք տեսնել, որ հիշյալ ժամանակահատվածում Հայկ Սարգսյանը ստորագրել է 7 տասնյակից ավել այդպիսի փաստաթղթեր։