Ապօրինի որդեգրումների գործով կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվել և ինչպես կարող էր այդ մեխանիզմը գոյություն ունենալ Հայաստանում:
Այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է՝ կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների և ամբողջական:
«Կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահել կամ ինչպես է պատահում, որ ՀՀ-ում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ և գործել: Կան կասկածներ, որ այդ մեխանիզմը երկար տարիներ է գործել, մենք պետք է խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականացնելու համար»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործի քննությամբ բոլոր հնարավոր կասկածները պետք է փարատվեն և արձանագրվի, որ ՀՀ պատմության այդ ամոթալի էջը փակվել է:
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը, ի պատասխան վարչապետի հարցի, նշել է, որ ապացույցների համադրությունն այս պահին բավարար է երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալված 4 անձին մեղադրանք առաջադրելու համար:
«Երկու շաբաթ առաջ ձերբակալվել էր ևս մեկ անձ, որին մեղադրանք է առաջադրվել: Այս պահին ձերբակալված են 4 անձ: Ապացույցների համադրությունն այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրել ՔՕ 167 հոդվածի երկրորդ մասով (ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը):
Գրիգորյանը նշել է, որ ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը և ոստիկանությունը համատեղ գործողություններ են իրականացրել՝ դեպքի բացահայտման համար:
«Սկսած այդ անձանց պաշտոնավարման օրվանից՝ բոլոր փաստաթղթերն առգրավվել են, ենթարկվելու են մանրակրկիտ զննության: Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց, այդ հանցանքը կատարելու մեջ: Մոտ օրերս այդ անձանց նշված հոդվածով կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,-ասել է Գրիգորյանը:





