Ազգային ժողովն ընդունել է համայնքներում խորհրդատվական հանրաքվեներ անցկացնելու նախագիծը: Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ ԼՀԿ խմբակցության անդամները:
Նախագիծն ընդունվել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ:
Բնակիչները հնարավորություն կստանան իրենց կարծիքը հայտնելու համայնքների միավորման կամ բաժանման հարցերում: Համայնքի 5 բնակիչներից կազմված խումբը կարող է նախաձեռնել տեղական հանրաքվե և գրանցվել տարածքային ընտրական հանձնաժողովում: Եթե ավագանին որոշի ֆինանսավորել տեղական հանրաքվեն, ապա նախաձեռնող խումբը կկարողանա շարունակել ստորագրահավաքը։
Ստորագրությունները հավաքելու համար տրվում է 30 օր, այնուհետև նշանակվում է տեղական հանրաքվե, իսկ արդյունքները տրամադրվում են կառավարությանը և ՏԻՄ-երին։ ԱԺ-ն կարող է և չընդունել համայնքի բնակիչների որոշումը։
Ընդունվել է «Տեղական հանրաքվեի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։





